Главная » Статьи » ԱՐՁԱԿ

ՏԱՆԳՈ

«Me amor… Հիշու՞մ ես այն տանգոն, որ պարում էինք: Հիշում ե՞ս, որ ականջիս շշնջացիր, որ գեղեցիկ եմ: Հիշում ե՞ս ինձ: Հիշու՞մ ես, որ բարձրացանք հյուրանոցի համար, որտեղ շարունակում էինք մեր մերկ տանգոն: Հիշում ե՞ս, թե ինչպես էիր անկողնում սովորեցնում մարմնիս իսկական տանգո պարել: Խելահեղ, վայրի տանգոյով մեր մարմինները հպվում էին իրար: Տանգո էր կանչում անսանձ կիրքդ, տանգո էր պատասխանում արթնացած մարմինս: Հիշում ե՞ս, որ կիսաբաց շրթունքներս քեզ ուսուցիչ էին անվանում: Հիշում ե՞ս, որ հյուրանոցի շքեղ համարում ծնված տանգոն մահացավ վերջին ծխած ծխախոտի հետ միասին»:

Նատալին արագ ու գեղեցիկ քայլում էր: Հպարտ կեցվածքը գրավում էր բոլոր տղամարդկանց և ստիպում շրջվել գեղեցիկ կնոջ հետևից: Կարճ շրջազգեստ, հայտնի ապրանքանիշի փոքրիկ պայուսակ, բարձրակրունկ կոշիկներ, որոնց հպումը ասֆալտին մատնում էր բարձրաշխարհիկ կնոջը, նուրբ զարդեր, շքեղ վարսեր, կատարյալ դիմահարդարում: Նատալին ինքնագոհ քայլում էր, հաճույք ստանալով տղամարդկանց ցանկասեր և կանանց թունավոր հայացքներից: Քայլում էր Նատալին` շրջելով մարդկանց իր հետևից: Սա նման էր անզենք ու լուռ պատերազմի, որի ժամանակ արյան փոխարեն կիրք էր թափվում:


Գեղեցիկ ու հպարտ կինը շտապ անցավ մի քանի նեղ փողոցով, հատեց կենտրոնական հրապարակը և տաքսի նստեց:

-Դեպի Կ. հյուրանոց,- պատվիրեց վարորդին ու փոքրիկ պայուսակից հանեց դիմափոշու տուփն ու մի քանի հմուտ շարժումով կարգի բերեց դիմահարդարումը:

Մեքենայի հայելու մեջ նկատեց վարորդի բազմանշանակալից հայացքը, դիմափոշու տուփը շրխկոցով փակեց և դրեց պայուսակի մեջ: Նատալիից հետո մեքենայի մեջ դեռ երկար տիրում էր թանկարժեք ու անհասանելի օծանելիքի բույրը:

Մոտենալով հյուրանոցի ընդունարան` հանեց արևային ակնոցն ու ասաց աշխատողին.

-Ինձ սպասում են չորս հարյուր քառասունհինգերորդ համարում,- և գլխով նշան անելով` կարճ ասաց,- այն պիտակից տվե՛ք:

Վերցնելով պիտակը` Նատալին շարժվեց դեպի վերելակն ու պայուսակից հանելով բջջային հեռախոսը` անջատեց այն: Հասնելով քառասունհինգերորդ համարի մոտ` երկու անգամ հստակ թակեց դուռը, բացեց այն, բռնակին ամրացրեց ընդունարանից վերցրած պիտակը, որի վրա գրված էր «Չանհանգստացնել» և փակեց դուռն իր հետևից:

Շքեղ բազմոցին մի երիտասարդ, գեղեցիկ տղամարդ էր նստած: Նատալիի հայացքը հավանություն տվեց նրա կոստյումին ու թանկարժեք կոշիկներին: Տղամարդը ձեռքում պտտում էր վիսկիի բաժակը, որում լցված սառույցի կտորները դիպչում էին բաժակի ապակուն ու մատնում տղամարդու անհամբեր վիճակը:

-Կարծում էի` էլ չես գա:

-Բայց եկա,- պատասխանեց Նատալին` սեղանին դնելով ակնոցն ու փոքր պայուսակը:

Նկատելով սեղանին դրված վիսկիի կիսատ շիշը` ավելացրեց.

–Երևում է, թե ինչքան ես սպասել, Ալբերտո՛:

Ալբերտոն լրագրասեղանին դրեց բաժակն ու գեղեցիկ մոտեցավ Նատալիին: Ձեռքով հեռացրեց նրա երկար շքեղ վարսերը և համբուրեց բաց պարանոցը: Նատալին գլուխը հետ տարավ և մատներն անցկացրեց Ալբերտոյի փափուկ մազերի մեջ: Ալբերտոն շարունակում էր համբուրել Նատալիի գեղեցիկ պարանոցն ու շուրթերը: Շուտով հագուստն արդեն խանգարում էր երկուսին: Ալբերտոն ուղեկցեց Նատալիին դեպի մյուս սենյակ, որտեղ, ինչպես ցանկացել էր Նատալին, հնչում էր արգենտինական տանգոյի կրքոտ երաժշտություն: Ալբերտոն շարունակում էր համբուրել Նատալիին և զգույշ ու դանդաղ արձակում նրա հագուստը: Նատալին մերկացնում էր Ալբերտոյին և նետում նրա հագուստը գետնին: Ալբերտոն ուժեղ գրկեց կնոջն ու նստեցրեց զարդասեղանին: Նատալին երկար ոտքերով գրկեց Ալբերտոյի մերկ գոտկատեղն ու մոտեցրեց նրան դեպի իր մարմինը: Շուտով նրանք արդեն անկողնում էին և պարում էին իրենց գիշերային տանգոն:

Առավոտյան, երբ Ալբերտոն արթնացավ, Նատալին արդեն չկար: Փոխարենը պատուհանագոգին`կանացի կարմիր շրթներկի հետքով բաժակի կողքին, թղթի մի կտոր տեսավ, որի վրա գեղեցիկ ձեռագրով գրված էր. «Ինձ չփնտրես ու չզանգես: Քո` Նատալի»…

Մինչ հյուրանոցի համարում Ալբերտոն փորձում էր հասկանալ, թե ով էր իրականում Նատալին, վերջինս հպարտ ու գեղեցիկ դուրս էր գալիս հյուրանոցից` հեռախոսից հանելով քարտն ու այն աղբամանը նետելով:

«Բարև, նորից ես եմ: Չգիտեմ` ստանում ես արդյոք նամակներս, կարդում ես, թե ոչ, բայց ես էլի գրում եմ ու հույս եմ փայփայում, որ նամակներս հասնում են քեզ: Հիշում ե՞ս ինձ: Հիշում ե՞ս, որ ինձ տանգո պարել էիր սովորեցնում: Հիշում ե՞ս, որ հայելապատ դատարկ դահլիճում, երեկոյան ժամը վեցին տանգո էինք պարում: Դու բարձրահասակ էիր, իսկ ես` դեռ ոչ: Բոբիկ ոտքերով կանգնում էի ոտքերիդ, և դու, գրկած գոտկատեղս, պարում էիր ինձ հետ: Հիշում ե՞ս, որ հայելիների մեջ արտացոլվում էին մարմինները մեր` իրար հպված ու ձուլված: Հիշում ե՞ս ինձ…»

Աշխատանքային ծանր օրվանից հետո Նատալին քալյում էր երեկոյան քաղաքի հոգնած փողոցներով: Նրա հագին կարճ սև զգեստ էր, որ ընդգծում էր նրա անթերի կազմվածքը: Փոքր-ինչ բացված կուրծքը շնչում էր թարմությամբ ու գեղեցկությամբ: Պարանոցը գրկած մարգարտե վզնոցը փայլում էր փողոցային լույսերի ներքո, իսկ գեղեցիկ հարդարված մազերի տակից շողում էին մարգարտե փոքրիկ ականջօղերը: Նատալին վճռականորեն ներս մտավ հյուրանոց և քայլեց դեպի ռեստորան: Ամեն հինգշաբթի այստեղ մի երաժիշտ տանգո էր նվագում: Նատալին նստեց ամենահեռվում դրված երկու հոգու համար նախատեսված սեղանի շուրջ: Պայուսակից հանեց թույլ ծխախոտի տուփն ու դրեց իր կողքին: Մոտեցած մատուցողին մի բաժակ շամպայն պատվիրեց և հենվելով աթոռի թիկնակին` սկսեց ուշադիր հետևել երաժշտի մատների շարժումներին: Երբ շամպայնը բերեցին, նա վերցրեց երկար բաժակն ու վեր կացավ: Դանդաղ ու կրակոտ քայլերով մոտեցավ դաշնամուրին, հենվեց դրան ու սկսեց ունկնդրել կրքոտ երաժշտությունը: Մի քանի րոպե անց նրան մոտեցավ մի տղամարդ և հրավիրեց պարելու: Նատալին բարձրացրեց գլուխն ու նայեց տղամարդու ձեռքերին: Շամպայնի կիսադատարկ բաժակը դրեց դաշնամուրի վրա ու ձեռքը մեկնեց տղամարդուն:

Ռեստորանի դահլիճում գտնվող մարդկանց հայացքներն ուղղվեցին երկարոտն գեղեցկուհուն ու նրա հմայիչ պարընկերոջը: Նատալին կատարյալ էր պարում: Նրա ճկուն մարմինը գերազանց պատասխանում էր տղամարդու բոլոր շարժումներին: Իսկ երբ տղամարդու ձեռքը սահում էր նրա բարակ իրանով, նա այնքան գեղեցիկ էր այն ճկում, որ դահլիճում նստած տղամարդկանց մարմնով ակամայից դող էր անցնում. մեկը բաժակ էր վերցնում և ինչ-որ բան խմում, մյուսը հազում էր և գլուխը տարուբերում: Նատալին չէր նկատում այս ամենը. նա պարում էր: Իսկ երբ նա պարում էր, վերանում էր ամեն ինչ: Նա վայելում էր իր իսկ կատարելությունը:

Պարից հետո նրա հմայիչ պարընկերն առաջարկեց նստել իր հետ նույն սեղանի շուրջ: Նատալին համաձայնության նշան արեց: Շուտով նրանք նստած էին դահլիճի ամենահեռավոր անկյունում գտնվող երկու հոգու համար նախատեսված սեղանի շուրջ, որի վրա Նատալիի ծխախոտի տուփն էր դրված:

-Շատ գեղեցիկ եք պարում: Ներեցե՛ք, մոռացա ներկայանալ: Անունս Ռոբերտ է:

-Նատալի:

-Ուրախ եմ: Եկեք խմենք մեր ծանոթության կենացը, – ասաց Նատալիի նոր ծանոթն ու ձեռքով նշան արեց մատուցողին, որն անմիջապես եկավ: -Երկու բաժակ շամպայն, խնդրում եմ:

-Հենց հիմա, – ասաց մատուցողը, ով հիացած նայում էր Նատալիին:

Նատալին լուռ նստած էր և մատներով խաղում էր ծխախոտի տուփի հետ:

-Շատ ե՞ք ծխում, -հարցրեց Ռոբերտը:

-Չեմ ծխում, -կտրուկ պատասխանեց Նատալին:

Շամպայնը բերեցին, և երկուսը խմեցին իրենց հանդիպման կենացը: Ռոբերտը պատրաստվում էր ինչ-որ բան ասել, երբ Նատալին վեր կացավ սեղանից և պայուսակը վերցնելով` ասաց.

-Հաճելի էր ծանոթանալ, Ռոբե՛րտ: Այժմ շտապում եմ: Պետք է գնամ, -պայուսակից թղթի մի կտոր հանեց և մեկնեց զարմացած տղամարդուն, – այստեղ իմ հեռախոսի համարն է և մի տեղեկություն, որ կհետաքրքրի Ձեզ: Եվ հիշեք` ոչ մի պարտավորություն: Ցտեսությու՛ն:

Նատալին դուրս եկավ ռեստորանից` թողնելով Ռոբերտին թղթի կտորի հետ, որի վրա գեղեցիկ ձեռագրով գրված էր. «Երկու օրից Ս. հյուրանոցում, հինգ հարյուրերորդ համար»:

Շաբաթ երեկոները Նատալիի համար տանգոյի օրեր էին: Նա նստած էր իր շքեղ բնակարանի մեծ ննջասենյակում` զարդասեղանի մոտ: Սեղանը լի էր հարդարման պարագաներով, գեղեցիկ ու թանկ զարդերով, ձեռնոցներով ու անուշաբույր շարֆերով: Նատալին նայում էր իրեն զարդասեղանի մեծ հայելու մեջ: Նրա դեմքը հանգիստ էր, լուրջ: Ոչինչ չէր մատնում, թե ինչ է կատարվում նրա գեղեցիկ գլխում: Հանկարծ նրա հայացքն ուղղվեց հետևում դրված մեծ երկտեղանի անկողնուն, և նա կիսաձայն շշնջաց. « …որ երբեք էլ ինձնից բացի ոչ մեկին չի տեսնի, խեղճ անկողին…»: Նատալին հայացք գցեց սեղանին դրված կլոր ժամացույցին, որ կես ժամ հետ էր, վեր կացավ, դուրս եկավ ննջասենյակից, հատեց-անցավ հյուր չտեսած հյուրասենյակը` մատները սահեցնելով դաշնամուրի վրայով և հասնելով երկար ընդունարան` վերցրեց բջջայինը, բանալիներն ու դուրս եկավ:

Նրանք պառկած էին հյուրանոցի շքեղ համարներից մեկում, որի դռան բռնակից կախված էր «Չանհանգստացնել» պիտակը: Ռոբերտը ծխում էր թանձր ծուխ արձակող սիգար, իսկ Նատալին գլուխը դրած Ռոբերտի ուսին, նայում էր առաստաղին:

-Պարզվում է անկողնում նույնքան լավ ես տանգո պարում, Նատալի՛, -Ռոբերտը լպրծուն հայացք նետեց Նատալիի` ծածկոցի տակ թաքցրած մարմնին և համբուրեց նրա վարսերը:

Նատալին ոչինչ չպատասխանեց: Նա արդեն քնել էր:

Առավոտյան Ռոբերտին էր սպասում երկրորդ թղթի կտորը. միակ բանը, որ կմնար Նատալիից նրան անմոռանալի գիշերային տանգոյի և դրան վերջը դրած սիգարի հիշողության հետ միասին: Նատալին հպարտ ու կանխատեսելիությունից հոգնած հայացքով դուրս էր գալիս հյուրանոցից` ճանապարհին աղբամանը նետելով հեռախոսի քարտը:

Նրան միշտ հետաքրքրել էր տեսնել տղամարդկանց, երբ նրանք արթնանում էին և տեսնում իր թողած նամակը: «Քո Նատալի»… Այնքան տղամարդիկ էին կարդացել այս նույն տողերը: Եվ Նատալին արդեն կորցրել էր հույսը երբևէ մոռանալ այս տողերը գրելու անհրաժեշտության մասին: Նատալին փնտրում էր առանց իմանալու, թե ինչ: Նատալին տանգո էր պարում, հաճույք ստանում դրանից առանց իմանալու, թե երբ է կանգ առնելու: Նրան հաճույք էր պատճառում վայելել պահը, պտտվել անսանձ կրքերի իր պարում և գիտակցել, որ ցանկալի է տղամարդկանց: Նա չէր փախչում. նա լքում էր` ստանալով այն, ինչ իրեն էր պետք. տանգո…

«Ես եմ… Կրկին գրում եմ: Ասում են` գեղեցիկ ձեռագիր ունեմ: Հիշում ե՞ս, որ դու էլ էիր դա ասում: Բայց դու այլ կերպ էիր ասում: Գուցե ուրիշներից ոմանք ավելի գեղեցիկ ու համոզիչ են ասում, բայց ես նախընտրում եմ քո ձևը: Հիշում ե՞ս, որ իրար նամակներ էինք գրում: Դու բնակարանիդ մի սենյակում էիր, ես`մյուսում: Եվ գրում էինք իրար այնպես, ասես մեզ բաժանողը մի բարակ պատ չէր: Երևի նախապատրաստում էիր ինձ: Բայց նամակներ գրում են պատասխան ստանալու համար: Իսկ դու… Դու հիշում ե՞ս իմ ձեռագիրը»:

Հաջորդ շաբաթ Նատալին մեկ այլ հյուրանոցի մեկ այլ ռեստորանում մեկ այլ տղամարդու հետ տանգո էր պարում, ժամադրում մեկ այլ հյուրանոցի շքեղ համարում, տանգո պարում անկողնում, տանգո պարում նրանց ցանկասեր մարմինների հետ, իսկ առավոտյան վաղ արթնանում էր, լուռ հագնվում, մի բաժակ ալկոհոլ խմում, կարճ նամակ գրում, դնում պատուհանագոգին ու դուրս գալիս հյուրանոցից:

Եվ հոգնում էր արդեն Նատալին իր դերից, բայց գլուխը բարձր առաջ էր քայլում և չէր կորցնում հույսը երբևէ ինքնակամ հրաժարվել դրանից:

«Հիշում ե՞ս ինձ: Հիշու՞մ ես, որ ասում էիր, թե որքան միամիտ եմ: Կարծում եմ` հիմա էլ նույնը կասեիր, եթե պատասխանեիր նամակներիս: Բայց ես գրում եմ քեզ, քանի որ միամիտ եմ և չեմ ցանկանում պատկերացնել, թե որքան լի է փոստարկղդ: Հիշում ե՞ս, որ կյանքի դասեր էիր տալիս, իսկ ես, քանի որ միամիտ էի, նախընտրում էի տանգո պարել…»

Ապրիլյան մի սպիտակ երեկո Նատալին քայլում էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով: Այսօր նա հերթական թանկարժեք հյուրանոց չէր գնում. այսօր նա ինչ-որ աղմկոտ բարի կարիք ուներ: Կյանքի երեսուն տարիների ընթացքում նա հասցրել էր լինել տարբեր հաստատություններում, տեսնել թանկն ու էժանագինը, լինել աղքատների ու հարուստների համար նախատեսված վայրերում և գտնվել դրանց սահմանագծի վրա: Բարձր վարձատրվող աշխատանքի բերումով նա վերջերս տեղափոխվել էր այլ երկիր և այժմ ուսումնասիրում էր այստեղի կյանքը և փորձում այն հարմարեցնել իրենին:

Այսօր նա ուզում էր գնալ բար, խմել սովորականից մի-փոքր ավել և գուցե ոչ-մեկից էլ չընդունել պարի հրավեր: Մտնելով ստորգետնյա բարերից մեկը` նա հանեց լայնեզր գլխարկն ու սկսեց աչքերով փնտրել ազատ սեղան: Մարդիկ այստեղ ծխում էին, բարձրաձայն խոսում, վիճում, ծիծաղում: Մի սեղանի շուրջ նստած մարդիկ թղթախաղ էին խաղում և գարեջուր խմում: Բարի սեղանի մոտ Նատալին մի քանի կանանց նկատեց, որոնք, ինչպես նկատեց նրա հմուտ աչքը, խմելու նպատակով չէին եկել: «Ինչպես և ես» անցավ նրա մտքով: «Ինչո՞վ եմ ես տարբերվում սրանցից: Նրանով, որ թանկարժեք հագու՞ստ եմ հագել, թե՞ նրանով, որ փող չեմ վերցնում»: Դառը ժպիտը դեմքին նա մոտեցավ միակ ազատ սեղանին և նստեց: Մի քանի րոպեից նրան մոտեցավ գեր մատուցողուհին:

-Ի՞նչ կուզեք:

-Ռուսական վոդկա, եթե կարելի է:

Մատուցողուհին գլխով նշան արեց և չքացավ ծխի քուլաների մեջ: Նատալին հանեց ծխախոտի տուփն ու այն սեղանին դրեց: Եվս մի քանի րոպեից նրա սեղանին օղու մի շիշ հայտնվեց: Նատալին նայեց շշին և սկսեց ծիծաղել: Կարմիր շրթունքները բացեցին սպիտակ ատամնաշարը: Նատալին անհագ ծիծաղում էր` նայելով օղու շշին: Նա գլուխը հետ էր տարել և նայում էր ծխապատ առաստաղին, ապա` խմիչքներով լի սեղաններին, խմիչքներով լի մարդկանց, որ խմում էին, խմում, խմում… Նատալին վերցրեց օղով լի փոքրիկ բաժակն ու մի շնչից դատարկեց այն: Ապակե բաժակի վրա կարմիր շրթներկի հետք հայտնվեց: Եվ հանկարծ կատարվեց անսպասելին. բարը լցվեց ամենագեղեցիկ տանգոյի կախարդական երաժշտությամբ: Նատալին սթափվեց. նա չէր կարող մտածել, որ այսպիսի մի վայրում կարելի է լսել իր երաժշտությունը: Փախչելով տանգոյից` հայտնվեց նրա ճիրաններում:

-Կարելի՞ է Ձեզ պարի հրավիրել:

Նատալին հայացքը կտրեց օղու բաժակից և գլուխը վեր բարձրացրեց: Նրա առջև կանգնած էր գեղեցկագույն մի երիտասարդ` մոտ քսանհինգ տարեկան, գանգուր մազերով, ծովի պես կապույտ աչքերով, երկար թարթիչներով, մեծ ճակատով, վարդագույն մանկական շրթունքներով: Նատալին առանց մտածելու մեկնեց ձեռքն ու վեր կացավ: Պարզվեց, որ բարն ունի նաև փոքրիկ պարահրապարակ` դահլիճի հայելապատ անկյունում: Նատալին նկատեց, որ երիտասարդի ձեռքը դողում է, և ժպտաց: Շուտով նրանք փոքրիկ պարահրապարակում էին` բոլորի աչքից հեռու: Երիտասարդը ձեռքը քնքշորեն տարավ դեպի Նատալիի գոտկատեղը, մյուսում բռնած պահեց նրա ձեռքը: Նրանց աչքերը հանդիպեցին մթության մեջ, և Նատալիի աչքերը բռնկվեցին երիտասարդի աչքերի փայլից: Ծնվեց ամենակատարյալ տանգոն` բոլորից հեռու, անհայտ, գաղտնի: Նատալին պտտվում էր երիտասարդի հետ և առաջին անգամ ծիծաղում: Մեջքը ճկելուց հետո նա ամուր գրկում էր երիտասարդին, մատները սահեցնում նրա հարթ պարանոցով և շնչում վերնաշապիկի մեջ: Երիտասարդից թարմության ու անմեղության հոտ էր գալիս: Մի պահ Նատալին ցանկանում էր հետ մղել նրան, հեռացնել: Նա չէր ցանկանում իր անառակ մարմնով դիպչել տղային: Բայց Նատալին ժամանակի հետ շատ եսասեր էր դարձել: Եսասիրությունը հաղթեց խղճին: Նրանք երկար պարում էին, և երբ երաժշտությունն ավարտվեց, Նատալին շշնջաց երիտասարդի ականջին. «Առաջին անգամ ես հասկացա, որ տանգոն պար է…»: Նա ցանկանում էր հեռանալ, բայց երիտասարդն այնքան ամուր էր բռնել նրա ձեռքը, որ հեռանալու համար Նատալին ստիպված էր լինելու պայքարի ուժով ազատվել, իսկ նա դա չէր ցանկանում: Նա ցանկանում էր հենց այն, ինչ տեղի էր ունենում:

-Ես տեսել եմ Ձեզ մի քանի շաբաթ առաջ Կ. հյուրանոցում: Տեսել եմ, թե ինչպես էիք պարում այն տղամարդու հետ: Եվ քանի որ այն օրը նրա հետ նույն սեղանի շուրջ նստեցիք, չէի կարող մոտենալ Ձեզ: Իսկ այսօր նորից պատահական տեսա և հիշեցի Ձեր անզուգական պարը: Դուք հիանալի եք, – անվստահորեն ասաց երիտասարդն ու բաց թողեց Նատալիի ձեռքը:

Նատալին ապշահար նայում էր երիտասարդին և առաջին անգամ իսկապես չգիտեր` ինչ անել: Հեռանա՞լ և չկործանել երիտասարդի մաքրությունը, թե՞ մնալ և հանձնվել իր կրքերին: Բայց մի բան պարզ էր. անիմաստ էր կանգնած մնալ այստեղ երկար ժամանակ: Դա անհարկի էր իրեն հարգող ցանկացած կնոջ համար: Երիտասարդը նրան էր նայում իր խոշոր աչքերով:

-Գիտե՞ս, որ նման ես Փոքրիկ իշխանին:

-Իմ փոքրիկ մոլորակը դեռ չի գտել իր վարդին,- համեստորեն ժպտաց նա:

«Միևնույն է` կհիշես ինձ, թե ոչ: Խոստանում եմ` սա իմ վերջին նամակն է: Ամեն մեկս մեր մոլորակն ունենք` իր գաղտնիքներով ու գիշերներով: Ես հասկացա, որ ես քո մոլորակի վրա տեղ չունեմ: Հասկացա, երբ հանդիպեցի այն մոլորակը, ուր այժմ տեղափոխվում եմ: Քո մոլորակում ամեն ինչ այնքան կործանված էր, որ դու չկարողացար այն կարկատել ինձնով: Իսկ իմ նոր մոլորակում ամեն ինչ այնքան մաքուր ու թարմ է, և կարկատելու բան չկա: Ես գրում եմ վերջին նամակս և վստահ եմ, որ այն չես ընթերցելու. մահացածները նամակներ չեն ստանում…»

Քաղաքի փողոցներից մեկով քայլում էր երջանիկ մի զույգ: Մարդիկ պտտվում էին նրանց հետևից. զույգի գեղեցկությունն ում ասես չէր ապշեցնի: Տղամարդիկ, տեսնելով կնոջ անիրական գեղեցկությունը, նախանձով լի հայացքներ էին նետում երիտասարդին, իսկ կանայք, նկատելով վերջինիս երիտասարդ տարիքը, մտքում քնեցնում էին կնոջը հարյուր տղամարդկանց հետ: «Հարյուր չէ, բայց մի քանի տասնյակ` հաստատ», ժպտում էին կնոջ աչքերը: Նա թևանցուկ քայլում էր գեղեցիկ երիտասարդի հետ և միայն ինքը գիտեր, թե ինչ համ ունեին նրա շուրթերը և ինչպես էր նա ձեռքը սահեցնում բարակ իրանով` դողացող մատներով ամուր գրկելով նրա հասուն մարմինը:

Քաղաքի փողոցներից մեկով քայլում էր երջանիկ Նատալին` թևանցուկ արած իր հերոսին: Եվ միայն նա գիտեր, թե որքան դժվար է լինել մեկի հորինված հերոսը, մեռած անցյալի մեռնող ներկան լինելը:

Քայլում էր երջանիկ Նատալին` թևանցուկ արած այն երիտասարդին, ում կրկնակի մեռած անցյալի հերոս դարձնելու փոխարեն ներկա էր դարձնում:

Եվ պարում էր Նատալին նոր մի տանգո: Եվ պտտվում էր Նատալին երջանիկ ձեռքերում:

Категория: ԱՐՁԱԿ | Добавил: admin (16.03.2011) | Автор: ՄԱՐԻ
Просмотров: 1220 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]