Главная » Статьи » ԱՐՁԱԿ

ԵՂԻՍԱԲԵԹ

Զգացմունքը չես կարող

պահածո դարձնել,

այն կամ մեռնում է, կամ

զարգացում է ստանում քո մեջ:

Ձիգա Վերտով

Մեր տան շքամուտքում կիսախավար էր: Առանձնահատուկ լույսով էր լցվում այն, երբ դրսից պայծառ արևի շողերի ներքո ներս էր մտնում Ադիբուդի պապիկը: Դեմքը շատ աղոտ եմ հիշում: Միայն ճերմակ մազերը, լուսավոր աչքերը, խորը կնճիռները` փափուկ այտերին, փոքրիկ ամուր մարմինը: Առաջինն էի վազում նրա մոտ.”Ադիբուդի պապիկն եկավ՚” և գրկախառնվում: Նրանից հարազատ պապիկի հոտ էի առնում, որը համեմված էր մի քիչ խնկի, և մի քիչ էլ վառած ձեթի բուրմունքով: Նա ձեռքը տանում էր իր միակ բաճկոնի գրպանը, հրաշագործի շարժումով այնտեղից դուրս բերում ինձ համար նախատեսված ադիբուդիները, ճերմակ և պուտավոր շաքարե կոնֆետները ու նույնքան անուշ խոսքերով լցնում դրանք իմ գրպանները, տեղավորում ափերիս մեջ: Ձայնը տարօրինակ բարակ էր, ծվծվուն: Երևի դա էր պատճառը, որ իմ մանկական երևակայությունը ստիպում էր կարծել, թե նա` Ադիբուդի պապիկը, ինչ որ հեքիաթի հերոս է, ով հիմա կրկին այցելել է ինձ, ու որ բոլորից շատ ինձ է սիրում: Դրանից էլ հաճելի բան՞  երեք տարեկան երեխայի համար…

***

Եղիսաբեթը հելյունի ծայրով քերեց ծառի կեղևի խոշոր կաթիլի նման ձվաձև խեժը: "Ծիրանենունը ամենահամովն է”. մտածեց նա: Ծամում էր և նայում կեղևի վրայով արագ-արագ ետ ու առաջ վազող մրջյուններին: Բերանում թուքը թանձրացավ: Ծառը կնճռոտ էր:

-Եղո, Եղո, իմ աղջիկ:

Մայրը անհասկանալի շարժումներով վազեց դեպի իրեն, երկու ձեռքերով ճմռում էր շորի փեշը ու սարսափած հայացքով զննում Եղիսաբեթի բարալիկ մարմինը: Հայացքը կանգ առավ: Կարծես թե նոր նկատեց, որ իր Եղոն ձևավորվում է, թեպետ տատը երկրորդ տարին է ինչ ստիպում էր Եղոյին երկար ու նեղ կտորով ձիգ կապել մեջքը:

***

Տատիկս անկողնում նստած, սանրեց և հյուսեց մազերը, խնամքով կապեց սև, հետո կանաչ գլխաշորը, ուղղեց բարձը ու նորից պառկեց: Հայացքը լուսամուտից  չէր կտրում:

-Աննա, գնա պապայից մի պապիրոս բեր:

Այդ գործողությունը բնազդաբար գաղտնի էի կատարում, ինչը ինձ դարձնում էր շատ կարևոր ու մտերիմ մարդ Արեքնազ տատիկիս համար: Հայրիկս եկավ տատիկի սենյակ: Խոսակցությունից հասկացա, որ պետք է գնանք փեսա Հովհաննեսի` Ադիբուդի պապիկի տուն. հիվանդացել էր: Երկար մտածելու բան չկար: Իհարկե եթե նրան նվիրեմ իմ սիրելի դեղին ուղղաթիռը` կարմիր պտուտակներով, անպայման կառողջանա:

Ուղղաթիռը ձեռքիս անհամբեր հետևում եմ հայրիկիս սափրման փրփրակենտրոնացած արարողությանը:

***

Հովհաննեսն ու Կիրակոսը արդեն մեկ տարի է ինչ աշխատում էին Մեհմեդ էֆենդիի տանը: Կիրակոսը ավազն էր մաղում, երբ Մեհմեդ էֆենդին տախտակը հարմարեցնելով քարերին` վրան մի կուժ գինի դրեց: Նրանց մոտ հրավիրեց, գովեց արված աշխատանքը: Հետո նորից եկավ ու խաղող բերեց: Նշեց, որ իսկական տղամարդու աշխատանք են արել, գուշակեց, որ Կիրակոսը մեծն է, քանի որ բեխերը սկսել են աճել: Երկրորդ բաժակից Կիրակոսի գլուխը ծանրացավ, կոպերը լցվեցին: Հասավ, փռվեց մաղած ավազի վրա ուր արդեն պառկել էր Հովհաննեսը` այժմ իր միակ մնացած եղբայրը: Երբ գյուղը կոտորում էին, իրենք սարում էին, փրկվեցին: Ավազը դեռ տաք էր: Կիրակոսը նայեց արևին, այն նստել էր դիմացի տան կտուրին և կարմիր խաղողի գույն ուներ:

***

-Նազիկ, աղջկա երեսը մուր արա:

-Արել եմ:

-Չէ, մեղր քսի նոր արա, վերքի նման կլինի:

Նազիկը մատով կետեր նկարեց Եղոյի այտերին և մուր քսեց: Եղիսաբեթը լացեց ու արցունքները նորից "դավաճանաբար՚”տեղ-տեղ երևակեցին նրա իրական, ճերմակ ու թափանցիկ մաշկը: Աղմուկն ու սարսափը մոտ էր: Մայրը երկու ձեռքով ճմռեց շորի փեշը: Ձայներն արդեն դռան մոտ էին…

…Եղիսաբեթը ուշքի եկավ երբ զգաց, որ քայլում է շրջապատված լացող ու ինչ որ բան մրմնջացող կանանց մեջ: Առջևում ոչինչ չէր տեսնում: Նայեց վեր, արևը մայր էր մտնում: Այն ծառի խեժի գույն ուներ: Սիրտը ականջների մեջ զարկում էր ու այնտեղից արձագանքում, -"Յուզբաշին հավանեց աղջկադ”:

***

Ճանապարհը հետաքրքիր է և զվարճալի երբ նստած ես հայրիկիդ գրկին և ձեռքերով գրկել ես նրան: Կարող ես գլուխդ դնել ուսին և ուսումնասիրել ականջը, երբեմն մատերով շոշափել փափուկ, կարմիր, թափանցիկ բլթակը: Այդ ապահով բարձունքից նայում ես ընդառաջ եկող մարդկանց, ովքեր քեզ ժպտում են ու կարծես թե զարմանում են, թե`” այս փոքրիկ աղջիկը ինչ "Մեծա”, և հպարտության զգացում ես ապրում երբ հավասարվում են քեզ ու դու նորից իրենցից "Բոյով”ես: Հայրիկս նկատելով իմ այդ խաղը ավելի բարձր էր գրկում, պինդ բռնում ոտքերս: Հետո մարդիկ անցնում էին, ես շրջվում էի և տեսնում անտարբեր հեռացող գլուխները: Դրանից իմ ապահովության զգացումը չէր պակասում, որովհետև ուզածս պահին կարող էի քիթս մտցնել հայրիկիս պարանոցի ու շապիկի արանքը ու երկար շնչել այդքան հարազատ մարդու հոտը, որին խառնվել էր ծխախոտի, օճառի և արդուկի երանգները:

***

Կիրակոսին արթնացրեց եղբոր ճիչը: Հիմա նա մութ նկուղում էր, ուր պատուհան չկար: Բացվեց դուռը և ծակող լույսը ներս թափանցեց: Հովհաննեսին գրկած ներս բերեցին, դեմքն ու շուրթերը սպիտակել էին, ձեռքերն ու մերկ ոտքերը դողում էին: Վերնաշապիկը պատռված էր, փորին շոր էին փաթաթել: Նա դողացող գլուխը շրջեց դեպի եղբայրը և ինչ որ բան էր ուզում ասել: Լեզուն չէր ենթարկվում:

-Էս ինչ՞ եք արել,- գոռաց Կիրակոսը, փորձելով վեր կենալ տեղից: Բայց թթվի քարի նման զանգվածը հարված հասցրեց: Տղան ընկավ: Հովհաննեսի գիտակցությունը ականջի ֆսսոցի ներքո թողեց նրան ու թռավ: Թռավ այն տան կտուրին, ուր ժամեր առաջ նստած էր խաղողագույն արևը:

***

Յուզբաշին առանձին վրանում էր պահում Եղիսաբեթին: Ամեն երեկո այցելում նրան ճոխ նվերներով: Եղիսաբեթը ամենից շատ սիրում էր չիրն ու պոպոկը, բայց դրանք էլ լավ ծամելուց հետո դժվարությամբ էր կուլ տալիս, կոկորդից էլ խուլ ձայն էր դուրս գալիս: Տատիկի տված բարակ, երկար մեջքին կապելու շորն էլ արդեն երկու տակ էր փաթաթվում: Եղիսաբեթը խնամքով այն ծալեց, համբուրեց, դրանից դեռ գալիս էր իրենց տան սնդուկի հոտը, նայեց իր փորին, սիրտը պորտից մի քիչ վերև էր զարկում: Յուզբաշին սպասում էր: Եղիսաբեթը սովորականի պես փակեց աչքերը ու մտածեց.”Այ հիմա նորից կմեռնեմ”… գիտակցությունը սավառնեց վրանի կենտրոնում գտնվող անցքից, բարձրացավ, թռչեց ազատ ու թեթև, այնտեղ ուր կտուրին նստած էր Հովհաննեսի գիտակցությունը. արևը չէր վառում, համակերպվել էր:

***

Կանգ առանք մի նարնջագույն դռան մոտ, որի վրա երկու պատուհան կար: "Հասանք բալիկս, դէ գնա”: Ներս մտանք. այդ ժամանակ դեռ դռները չէին կողպում: Փեսա Հովհաննեսը նստած էր թախտին, մի ոտքը ծալած, դեմքով դեպի դուռը: Բան չասաց, աչքերը փայլեցին: Իսկույն վազեցի նրա մոտ, գիրկն ընկա ու այդ պահին էլ հասկացա որ ուղղաթիռը տանն եմ մոռացել: Ադիբուդի պապիկը ձեռքս  վերցրեց իր ափի մեջ, այնտեղ մյուս ձեռքով մեր գաղտնիքից մի քանի հատիկ տեղադրեց և փակեց ափը: Հայրիկս ժպտում էր: Մեքենայի ձայն լսվեց: Դռան պատուհանից երևաց մի բարձրահասակ մարդ. Հարութն էր: Ինձ բացատրեցին, որ Հարութը իր տղան է: Այդ փաստը դժվար ընկալեցի: Իմ հեքիաթում Ադիբուդի պապիկը միայն ինձ համար էր: Հետո այդ Հարութի մեքենայի վրա անիմաստ մեր տան շախմատի քառակուսիներից էր նկարված: Այդ դռան վրա ոնց պիտի զինվորիկ շարես, սխալ բաներ են: Այգու կողմից ներս մտավ գլխաշորով մի "Բոյով” տատիկ ու հիմա էլ ասացին, որի ինքը Ադիբուդի պապիկի կինն է: Տեսնելով իմ խոժոռ հայացքը, մեծերը ծիծաղում էին: Վերջնականապես շփոթված, լուռ հարամրվեցի ու նստեցի դիմացի պատի փոքրիկ աթոռակին: Մեծ, անծանոթ մարդիկ շատացան: "Բոյով” տատիկը սեղան գցեց: Տղամարդիկ բարձր խոսում էին: Փեսա Հովհաննեսի աչքերը ժպտում էին, երբեմն իմ կողմն էր նայում: Այնտեղ, իր ներսում ինքն էլ էր հաճելի շփոթության մեջ: Ուզում էի լաց լինել, ու գնացի այգի, որ չտեսնեն:

***

Հովհաննեսի գիտակցությունը վերադառձավ: Բերանում հողի համ զգաց: Փորձեց կանգնել, մարմինն այրվում էր ու սաստիկ ցավում: Կողքին ընկած էր Կիրակոսը, գլխի մի մասը ներս էր ընկել: Մարմինը կապույտ և սև էր ներկվել: Նույնիսկ մեռածին էին պղծել: Տղա Կիրակոսից էլ էր մաս պակասել: Կանաչ ճանճերը, կտրուկ, նեարդային թռիչքներով, բզզալով հոշոտում էին մարմինը…

***

Կես տարի էր անցել այն օրից երբ Յուզբաշին իր հետ վրան բերեց Սաթենիկին: Սաթենիկը 35 տարեկան կին էր, և ամեն տեսակ գործ անել գիտեր, նաև հասկանում էր երեխայի լացի պատճառը: Ի տարբերություն այստեղ գտնվող բոլոր կանանց, նա իրավունք ուներ մոտակա գյուղ այցելել: Սաթենիկը ամեն բան գիտեր, և նրան էլ գիտեին բոլորը: Հիմա Յուզբաշին էլ հաճախ չէր անհանգստացնում Եղիսաբեթին: Հիմնականում մտազբաղ էր: Թեյ էր խմում և վերացած հայացքով հետևում, թե ինչպես է Եղիսաբեթը գուրգուրում իր բալիկին, նրա դեմքը հիմա շողշողում էր: "Գառնուկս”,- ասում էր Եղիսաբեթը համբուրելով մանչուկի թաթիկներն ու տոտիկները: Մանչուկն էլ ուսումնասիրելով նրան, ամուր բռնում էր մոր շագանակագույն մազերը: Մայրը գրկեց նրան ու կրծքին մոտ տարավ: Մանչուկը կաթի հոտն առնելով արագորեն գլուխը աջ և ձախ շարժելով, շորի վրայից բռնեց պտուկը: Եղիսաբեթը արձակեց կոճակը: Յուզբաշին դուրս եկավ:

Քիչ անց մանչուկի շնչառությունը հանդարդվեց, նա կշտացավ ու նորից ուսումնասիրում էր մոր դեմքը, ժամանակ առ ժամանակ ինչ որ բան կարծես հիշելով վերադառնում իր գործին, արագ- արագ կուլ տալիս կենարար հեղուկը: Սաթենիկը մոտ նստեց ու ցածր ձայնով շշնջաց. "Լսի  ինչ եմ ասում, թե կուզես մեր հետ կգաս, ասում են ռուսներ հայի հետ նորից Էրզրում են մտել, էս գիշեր փախչում ենք”: Եղիսաբեթի սիրտը թրթռաց, արագ խփեց , և այդ ճնշման ուժով տաք կաթը լցվեց մանչուկի բերանը: Երեխան ցնցվեց ու լաց եղավ:

***

Այգու ծայրը չէր երևում, խաղողի տերևների արանքից թափվում էին արևի շողերը: Գլուխս բարձր էի պահում, որ արցունքներս ետ քաշվեն: Հայացքս որսաց խաղողի որթից կախված մուգ կանաչ ձեթի շիշը, մոտեցա, ուսումնասիրեցի: Շշի հատակին, հեղուկի մեջ, անշարժ փակ աչքերով ու կարճլիկ պոչիկներով ինչ որ կենդանու ձագեր էին: Ինձ թվաց ողջ են, բայց կասկածն ու տագնապը խորացավ, մնացի տեղում սառած:

***

Քայլելը դժվար էր,  բայց Հովհաննեսը ցավ չէր զգում, ոչինչ էլ չէր զգում բացի մարմնի տհաճ այրոցից: Սիրտը կարծես եփված լիներ: Մտքում մի բան էր… "ու Կիրակոսի տեղը”…

-Կանգնի:

Հովհաննեսը դանդաղ շրջվեց : Թվանքն ուսին կանգնածը իրենից տարքով մեծ չէր, բայց հայացքը ձայնի նման խիստ էր ու վստահ: Իրար նայեցին: Անծանոթի դեմքը փոխվեց, ձեռքը տարավ դեպի ճակատը, փափախը ետ քաշելով սրբեց ճակատին վայրկենական դուրս տված քրտինքը:

-Սպասի:

Այս անգամ ցածր ձայնով կրկնեց ու ինքը մոտեցավ Հովհաննեսին: Դառը հայացքով կողք նայեց: Հովհաննեսը գլուխը կախեց: Վրան ճղճղված շապիկն էր ու էլ ոչինչ, բացի սարսափելի նոր պարտադրված ճակատագրից: Այ հիմա ցավը ծնկներից դանդաղ բարձրացավ, խփեց գոտկատեղին, այնտեղից սլացավ ու խրվեց գլխի կենտրոնում: Կոկորդը սեղմվեց: Հովհաննեսը ձեռքերով փակեց երեսը:

-Ես Վարդանն եմ, անունդ ինչ՞ է:

-Հովհաննես,- դժվարությամբ արտաբերեց կտրված ձայնով տղան: Ու այդպես էլ դեմքը ձեռքերով փակած հենվեց Վարդանի ուսին: Մնացին կանգնած:

***

Ինչքան էլ համոզում էր Սաթենիկը թողնել երեխային, Եղիսաբեթը չէր համաձայնում: Նա էլ շատ չպնդեց. երկիմաստ ասաց.

-Դու գիտես,- ու մի տեսակ նայեց Եղիսաբեթին:

Ճանապարհին Եղոյի հետ կարճ ու երկար զրույցի բռնվող կանանց բոլորի վերջակետն էլ այդ նույն հայացքն էր:

-Այ ախչի, բա որ լացի: Թուրքը մեր տեղը կիմանա ու բոլորիս կկոտորի:

-Ես չեմ թողի որ լացի, ես չեմ քնի,- միատոն ամեն անգամ կրկնում էր Եղիսաբեթը ու ավելի ամուր գրկում մանչուկին:

-Ախր շատ բան կա, դու չես իմանում:

-Իմանում եմ: Ինքը իմն ա:

Երկար, ձանձրալի բացատրությունները, երկար ու սարսափով լի փախուստի ճանապարհին մի օր կտրուկ դադարեցին, մնաց միայն այն հայացքը, որից Եղիսաբեթի կուրծքը նվվաց: Դրան հաջորդեցին նորից անհանգիստ, անքուն գիշերները:

Արևը տաքացրեց Եղիսաբեթի ուսը: Վեր թռավ, նայեց կողքերը, բոլորն էլ շեշտված անտարբեր էին, երեխան լուռ էր ու անշարժ: Ու հիմա Եղոն մտաբերեց որ գիշերն էլ չէր լացել: Եղիսաբեթը մեջքով զգաց իր վրա ուղղված հայացքները:

-Գառս,- ձգեց Եղիսաբեթը ու նայեց ամեն բան իմացող Սաթենիկին:

-Գիշերն ա խեղդվել,- վախեցած ետ քաշվեց Սաթենիկը,-ես քեզ ասում էի, դու ես մեղավոր,- ու փախավ:

***

-Էդ ինչ՞ ես նայում,- հարցրեց Ադիբուդի պապիկը: Մատնացույց անելով շշին, վախեցած հարցրեցի`”Բայց  իրանք քնած են չէ՞”: Պապիկի դեմքը փոխվեց: "Եղիսաբեթ”,- կանչեց խիստ ծվծվան ձայնով: "Բոյով” տատիկը մոտեցավ, ինչ որ բան խոսեցին: Ադիբուդի պապիկը բռնեց ձեռքս ու ասաց թե գնում ենք ինձ համար խնձոր քաղենք: Տատիկն էլ արագ, ինքն իրեն նախատելով ներս գնաց: Վերադարձանք այգու մյուս կողմից: Նայեցի, սարսափելի շիշը անհետացել էր: Խնձորը ձեռքիս վազեցի հայրիկիս մոտ:

***

Փրկության ճանապարհը բռնած կանայք խուսափում էին Եղիսաբեթի կողմը նայել: Անժամկետ ցերեկն ու գիշերը հաջորդում էին իրար, ոչինչ չասելով: Երբեմն հանգստի պահին հայտնվում էր Սաթենիկը, մոտ նստում, թվարկելով մատնացույց անում տարբեր կանանց, ու դառը պատմություններ պատմում նրանց երեխաների կարճատև ճակատագրերից: -Օվսանը…Լուսիկը…Սիրանույշը… Ազնիվը…. Քնքույշը…

Այդ ժամանակ Եղիսաբեթի ականջների մեջ ֆսսոց էր առաջանում ու էլ բան չէր լսում: Երեսը թեքեց լույսի կողմը, աչքերը փակ նայեց արևին: Պայծառ, կարմիր գույն էր տեսնում: Փրկության գույնն էլ անփոփոխ կարմիր էր:

Ֆսսոցը դադարեց, դրան հաջորդեց հաճելի մի զգացում, ինչ որ մեկը շոյեց նրա գլուխն ու մազերը: Ճակատի մեջտեղում անվերջ ցավը թողեց, բայց աչքերը չէր բացում:

-Իսկը մեր մոր, Մարիամի մազերն են,- ասաց Հակոբը Վարդանին:

-Ես էլ մտածեցի,- պատասխանեց Վարդանը շոյելով Եղիսաբեթի մազերը: Արևը թեքվեց, լուսավորելով Մշո Սբ Կարապետի գմբեթը:

Տարօրինակ տեսարան բացվեց: Ջոկատի տղաները, ով կանգնած, ով նստած, ժամանակ առ ժամանակ քարանում էին փայտե արկղի առաջ, որի կողքից պայթյունով ծուխ էր բարձրանում: Դրանից հետո մի պահ զինվորները աշխույժ խոսում էին, ծիծաղում, տեղերով փոխվում ու նորից անշարժ կանգնում: Նրանցից մեկը կանչեց.

-Վարդան մոտ եկեք:

Փայտե արկղի ետևում կանգնած մարդը անհասկանալի բառերով ու ձեռքերը սև շորի տակից աջ ու ձախ տանելով կառավարում էր նրանց:”Անգլիացի է”, բացատրեց Հակոբը Եղիսաբեթին:”Անգլիացին իմանում՞ ես”:Մի բեղավոր էլ հարցրեց.

-Ում՞ եք բերել:

-Իմ քուրացուն ա:

Եղիսաբեթը շփոթված նստեց քարին: Նրան մոտեցավ կապույտ աչքերով մի շեկ տղա, անմիջականորեն բռնեց Եղոյի ձեռքը` բացեց ափը, բոված ցորենի հատիկներ լցրեց ու ափը փակեց:Հետո արագ ուղղեց Եղոյի ծռված փեշը ու քաշված ձայնով ասաց.

-Ես էլ Հովհաննեսն եմ:

Ցորենի հատիկը վեր գցեց ու բերանով բռնեց: Եղոն ծիծաղեց: Հակոբն ու Վարդանը հեռվում կանգնած ծիծաղեցին: Վարդանը մատը թափ տվեց, իբր սաստում է.”Այ Պողոս Պետրոս ":

Երբ Սբ Կարապետի դռներից դուրս եկան, Վարդանը համբուրեց նորաթուխ”քրոջ”ճակատն ու ասաց. "Էլ անցավ, բան չկա, չլացես: Իմացար՞”:

***

Մի օր պատմեցին թե Հարութի հարսանիքին, երբ ծնողների կենացը առաջարկեցին, ոտքի ելան նրա արյունակից ծնողները, բայց Հարութը վերցրեց բաժակը մոտեցավ Հովհաննեսին ու Եղիսաբեթին և ասաց.

-Դուք եք իմ ծնողները:

***

Տուն էինք վերադառնում: Լուսինը այս անգամ կլոր էր, ու կլպած ձվի նման, "ուրեմն արևն էլ դեղնուցն է”, մտածեցի: Ուր գնում էինք, լուսինը մեր ետևից էր գալիս: Չդիմացա ու հարցրեցի հայրիկիս, թե ինչու է էդպես: Կանգ առանք, լուսինն էլ սպասեց: Շարժվեցինք` եկավ մեզ հետ: Հայրիկս փորձեց բացատրել.

-Լուսինը մեծ է, դրա համար էլ էդպես է:

-Բայց անցյալ անգամ երբ տուն էինք վերադառնում չէ որ ինքը փոքր էր:

-Բնության օրենք է,-պատասխանեց հայրիկս:

Ես չհասկացա ինչ բան է այդ բնության օրենքը, բայց գիտեի, որ ուզում եմ ես էլ լուսնի պես արագ մեծանամ: Ինչ որ բան խառնվեց իմ ներսում:

-Իսկ լուսինը հայրիկ ունի՞:

-Իհարկե ունի, բա ոնց բալիկս:

Սիրտս տեղն ընկավ ու մտովի թույլ տվեցի, որ լուսինը մեզ ուղեկցի:

Գիշերն արթնացա տատիկիս ձայնից: Ախ էր քաշում:Վերմակով ինձ ծածկեց, ինքն էլ մի ձեռքը դրեց մեջքի ետևում ու էդպես ետ ու առաջ էր անում  սենյակի մեջտեղում: Գիշերը ամեն ինչ սև-սպիտակ էր ներկվել: Տատիկս էլ լուսնի նման չէր քնել: Երբ արթնացա, գույները վերադարձել էին, միայն պատից կախված պապիկի նկարն էր սև-սպիտակ մնացել: Այտերին երկու խորը կնճիռներ ուներ, ճակատը լայն էր, հայացքը բարի: Արեքնազ տատիկս սանրեց ու հյուսեց մազերը, կապեց սկզբում սև, հետո կանաչ գլխաշորը, ուղղեց բարձը ու նորից պառկեց: Հայացքը լուսամուտից  գնաց դեպի նկարը` այնտեղից մեզ էր նայում բնության օրենքի համաձայն դիմագծերը խիստ, սիրտը բարի, Կարապետի և Մարիամի որդի, Անդրանիկ Զորավարի զինվոր, լուսահոգի Վարդան պապիկս:

Սենյակի սպիտակ դուռը բացվեց, ու ներս մտավ երկար ճանապարհ կտրած Վիկտորյա հորաքույրը…

Աննա Շիրինյան

21.09.2010թ.

ք. Երևան

Категория: ԱՐՁԱԿ | Добавил: admin (16.03.2011) | Автор: ԱՆՆԱ
Просмотров: 721 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]